Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:
Պատգամավորը Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում է որակել: Նա հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմը Բելառուսի կողմից նկատում է կողմնակալ վերաբերմունք, որի պատճառներն ակնհայտ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարել է Բաղդասարյանը:
Նրա առաջարկին սատարել է միանգամից մի քանի պատգամավոր, որոնք նշել են, որ Բելառուսի նման վարքագիծը որպես ՀԱՊԿ անդամի վնասում է անվտանգությանը:
Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել,է, որ Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք է: