Օրերս Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շրջանակներում:
Սակայն որո՞նք են արտահանձնման գործընթացը կարգավորող միջազգային նորմերը և ե՞րբ այն կարող է համարվել իրավաչափ:
Արտահանձնումը (Էքստրադիցիան) պետության կողմից՝ իր տարածքից դուրս և մեկ այլ պետության իրավազորության սահմաններում հանցագործության համար մեղադրված կամ դատապարտված անձին պաշտոնապես փոխանցելն է մյուս պետությանը` դատավարության և պատժի իրականացման նպատակով։
Էքստրադիցիայի գործընթացի համար սովորաբար որպես հիմք է ընդունվում ազգային օրենսդրությունը, երկկողմ պայմանագրերը և որոշ դեպքերում՝ բազմակողմ կոնվենցիաները:
«Արտահանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն` պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել այդ կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:
Հանձնումը կարող է իրականացվել նաև առանց պայմանագրի, եթե դա նախատեսված է հանձնման վերաբերյալ պահանջ ստացած պետության օրենսդրությամբ։ Հանցանք կատարած անձանց հանձնումը պետության իրավունքն է և ոչ թե պարտականությունը։ Անձանց հանձնելը կարող է պարտականության դառնալ միայն քրեական գործերի կապակցությամբ փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ պետությունների միջև կնքված երկկողմանի պայմանագրերի առկայության դեպքում։
Աշխարհի զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև հանցավորությունը և դրա սահմանները, դուրս գալով կոնկրետ տարածաշրջանից, իր մեջ ներառում մի քանի պետություններ: Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով օր-օրի զարգացում է ապրում նաև արտահանձման ինսիտուտը: Պետությունները բացի ընդհանուր միջազգային պայմանագրերից կնքում են նաև երկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորում են երկու երկրների միջև արտահանձման իրավական մեխանիզմները:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում ձևավորվել է հանձնման ինստիտուտի նորմերի համակարգի երկու հիմնական տեսակ՝ անգլո-ամերիկյան և եվրոպական:
Ըստ Եվրոպական Կոնվենցիայի 89-րդ հոդվածի առաջին մասի «e» կետի՝ անձի հանձնումը արգելվում է, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ արտահանձնումը պայմանավորված է այդ անձին հետապնդելով՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ:
ՀՀ փաստաբանների պալատի համաձայն՝ Լապշինի դեպքում Ադրբեջանը իրականացնում է անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների եւ մասնագիտական գործունեության հետ:
Լապշինի հետապնդումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19):
Այս հիմքերը հաշվի առնելով՝ Բելառուսը չէր կարող Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանին։