Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ որպես երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր ընտրվել է ապրիլի 16-ը: Այս մասին նախարարն ասել է թուրքական «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում։ Հարկ է նշել, որ թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ հանրաքվեի հստակ օրը կնշանակի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանն արդեն հավանություն է տվել երկրի նախագահին գրեթե անսահմանափակ իշխանություն տվող սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հանրաքվեի օրը նշանակելու համար այժմ անհրաժեշտ է,որ նախագահ Էրդողանը ստորագրի նախագիծը, որի հրապարակումից 60 օր հետո պետք է անցկացվի հանրաքվեն:
Ամենայն հավանականությամբ փոփոխությունները կհաստատվեն: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել արտակարգ դրության ռեժիմի ժամկետի լրանալուց օրեր առաջ: Ըստ ամենայնի հանրաքվեի արդյունքները որոշիչ կլինեն հուլիսից գործող ռեժիմի չեղարկման հարցում:
Թուրքական մամուլի հրապարակումներից հետևում է, որ հանրաքվեի արդյունքը որոշիչ է լինելու նաև քրդական խնդրի կարգավորման հարցում: Մասնավորապես Hurriyet Daily News-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կբոյկոտի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ինչի շնորհիվ այդ փոփոխությունների դեմ քարոզչությունը կթուլանա: Սրա դիմաց հնարավոր է իշխանությունները քրդական հիմնախնդրի կարգավորման նոր նախաձեռնությամբ հանդես գան և բանտից ազատ արձակեն այդ կուսակցության պատգամավորներին: Թուրքական լրատվամիջոցների դիտարկմամբ իշխանությունների և քրդական ուժերի միջև նման պայմանավորվածության մասին վկայում է նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հարձակումների նվազումը:
Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ քարզոչություն կիրականացնի միայն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Սակայն Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների և բռնաճնշումների պարագայում դրա արդյունավետությունը կհասցվի նվազագույնի:
Այսպիսով, նախագահական կառավարման ձևի Թուրքիայի անցումն «անխուսափելի» է: