Լապշինի արտահանձնումը և դրա շուրջ զարգացումները վերջին մի քանի օրերին դարձել են ամենաշատ քննարկվող հարցերից մեկը: Այն, որ հայտնի բլոգերի արտահանձնումը մարդու հիմնարար իրավունքների խախտում է, որ այս ամենը հանդիսանում է ադրբեջանա-բելառուսական երկկողմ գործարքի արդյունք, փաստ է: Ակնհայտ է նաև այն, որ Լապշինի հետ կապված միջադեպն Ադրբեջանի հերթական պրովոկացիան է, և թիրախը ոչ թե Լապշինն է, այլ Հայաստանն ու Արցախը:
Եթե Հայաստանի դեպքում Ադրբեջանը նպատակ է հետապնդում դրդել համարժեք պրովոկացիոն քայլերի և հանդես գալ ապակառուցողական դիրքերից, ապա Արցախի դեպքում նպատակը մեկուսացումն է:
Ադրբեջանը մշտապես կոշտ է արձագանքել Արցախ ցանկացած այցելության, և եթե նախկինում այդ արձագանքը սահմանափակվում էր մի քանի հայտարարություններով ու մի շարք մարդկանց «սև ցուցակ» մտցնելով, ապա Լապշինի արտահանձման «օպերացիան» իրականացվելով՝ Ադրբեջանը փորձում է վախեցնել նրանց, ովքեր այցելել են կամ պատրաստվում են այցելել ԼՂՀ:
Ադրբեջանի՝ Արցախի հանրությանը մեկուսացնելու քաղաքականության այս փորձերը Արցախի հանրության մոտ կարող են առաջացնել աշխարհից մեկուսացվելու որոշակի մտավախություններ, ինչպես նաև սպառնալիքի մեծացման զգացողություն:
Նման պարագայում, գուցե, անհրաժեշտ է կրկին դիտարկել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման հարցը, որը կդառնա ԼՂՀ ժովորդի անվտանգության լրացուցիչ երաշխիք՝ հարվածելով Ադրբեջանի մեկուսացման քաղաքականության փորձերին: Այս առումով կարևոր է, որ ռազմական փոխօգնության պայմանագիրը ենթադրի համապատասխան դրույթ, որը կամրագրի, որ կողմերից մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում նաև մյուսի վրա: