Բաքվին արջի ծառայություն մատուցած, պրո-ադրբեջանական կեցվածք ստանձնած Բելառուսի կողմից բլոգեր Լապշինի արտահանձնումը մեծ իրարանցում է առաջացրել: Լապշինը մեղադրվում է երկու հանցավոր արարքի համար. նախևառաջ, պետական կարգը տապալելու կոչերի համար, որոնք Ադրբեջանը դիտարկում է իր երկրի տարածքային ամբողջականության դեմ, և երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար, որը Ադրբեջանը դիտարկում է որպես իր տարածքի սահմանների ապօրինի հատում:
Սակայն, Լապշինի արտահանձնումը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, այլև Ադրբեջանի և Բելառուսի օրենսդրությանը, որոնցում հստակ ամրագրված է խոսքի ազատության, կարծիքի արտահայտման և ազատ տեղաշարժի իրավունքը:
Լապշինին Բաքվին արտահանձնելու դեմ հայցով Հայաստանի փաստաբանական պալատը, ամենայն հավանականությամբ, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թե ինչպիսի արձագանք են ստանում նմանատիպ գործերը ՄԻԵԴ-ի կողմից, հարկ է անդրադառնալ եվրոպական դատարանի կողմից օտարերկրյա քաղաքացիների արտահանձման դեպքերի դիտարկմանը:
Շատ մեծ աղմուկ հանած «Սերինը մեծ Բրիտանիայի դեմ» գործը № 14038/88 հենց այդ դեպքերից մեկն է: Այս գործի այդչափ աղմկահարույց լինելը պայմանավորված էր ՄԻԵԴ-ի վերջնական վճռի (7 հուլիսի, 1989թ) բովանդակությամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց հետևյալը. մեղադրյալին՝ իր կնոջ ծնողներին սպանելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով ԱՄՆ արտահանձնելու դեպքում տեղի կունենա Յենս Սերինգի իրավունքների խախտում, որը հակասում է ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային:
Ի պատասխան ՄԻԵԴ-ի վճռին, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնեցին իրենց վրդովմունքը, ասելով որ իրավաչափ չէ պնդել, որ մեղադրյալին արտահանձնելով՝ արտահանձնող երկիրը մեղադրյալին ենթարկում է դաժան խոշտանգումների: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնեց իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը համարվում է միջամտություն օրտարերկրա պետության, այս դեպքում՝ ԱՄՆ ներքին գործերին, որը Կոնվենցիայի մասնակից չէ:
Իր հերթին ՄԻԵԴ-ը փաստեց, որ օտարերկրյա քաղաքացուն արտահանձնելու համար պետությունը պատասխանատվություն է կրում անկախ այն հանգամանքից՝ թե արդյո՞ք արտահանձնում պահանջող երկիրը Կոնվենցիայի անդամ է, թե ոչ: Եվ դա հատկապես այն պարագայում, երբ առկա են հստակ փաստեր, որ արտահանձնելու դեպքում մեղադրյալը կենթարկվի դաժան խոշտանգումների: Այս պարագայում խոսքը մահապատժի մասին էր, որը դեռ գործում էր ԱՄՆ-ում:
Մեկ այլ նման գործ էր («Էրգաշևը Ռուսաստանի դեմ», № 12106/09 ) ներկայացված մարդու իրավունքների եվրոպական դատարան 2009 թվականին: Այս գործի շրջանակներում Էրգաշևը մեղադրվում էր Ուզբեկստանում արգելված կրոնական գործունեություն իրականացնելու համար: Արդարադատությունից խուսափելու նպատակով Էրգաշևը տեղափոխվել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ և կալանավորվել էր:
Այս գործի առնչությամբ ՄԻԵԴ-ը 2011 թվականին վճռել էր, որ Ռուսաստանի կողմից Ուզբեկիստանի քաղաքացի Ուրինբոյ Էրգաշևի արտահանձնումը կհանգեցնի նրա իսկ իրավունքների ոտնահարմանը (անմարդկային վերաբերմունք, դաժան խոշտանգումներ), ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Բացի այդ ՄԻԵԴ-ի եզրակացությամբ, համաձայն ռուսական օրենսդրությանը՝ Էրգաշևին արտահանձնելու նպատակով կալանքի տակ պահելը չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին: ՄԻԵԴ-ի կողմից այն որակվել է՝ որպես ոչ հստակ, անկանխատեսելի և կամայական:
Ինչպես տեսնում եք վերը նշվածից, այս անձանց դեմ առաջադրվող մեղադրանքները շոշափելի են և հստակ, ինչը չենք կարող ասել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար: Անգամ ծանրագույն մեղադրանքների առկայության պայմաններում ՄԻԵԴ-ը միանշանակ չի գնահատել օտարերկյա քաղաքացիների արտահանձնումը:
Ինչ ընթացք և զարգացումներ կլինեն՝ հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ միջազգային հանրությունը, հատկապես՝ ժողովրդավարական և մարդկային բարձր արժեքներ կրող Արևմուտքը պետք է արթանանա երկարատև քնից, և ընդունի հապճեպ կանխարգելող և պատճող մեխանիզմներ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն ոտնահարող Բելառուսի և Ադրբեջանի նկատմամբ: Հակառակ դեպքում՝ կարող ենք փաստել, որ Արևմտյան ժողովրդավարական համակարգը սպառել է իրեն: