Կալիֆորնիայում տարհանում է հայտարարվել ԱՄՆ-ի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով

10:05     13 փետրվարի, 2017

Կալիֆորնիայի հյուսիսային Օրովիլ քաղաքում անհապաղ տարհանում է հայտարարվել՝ երկրի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով։ Նշվում է, որ ամբարտակը լրջորեն տուժել էր էրոզիայից, փոխանցում է lenta.ru-ն։

Քաղաքում մոտ 16 հազար մարդ է բնակվում, որոնց հրահանգվել է լքել քաղաքը ցանկացած ուղղությամբ բացի հյուսիսայինից։ Տարհանման ենթակա բնակավայրերի թվում նշվում են նաև Գրիդլին, Բիգսը, Յուբա-Սիթին, Լոմա Ռիկան։  Ընդհանուր առմամբ տարհանման ենթակա բնակավայրերում բնակվում է առնվազն 130 հազար մարդ:

Օրովիլում գտնվող համանուն լճի ջրի ծավաները գնահատվում են ավելի քան 4.3 մլրդ խորանարդ մետր։


© armedia.am