Վրաստանում բարձրաստիճան հոգևորականի սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը: Այս մասին արտահերթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն, հաղորդում է Sputnik Georgia-ն:
Հետաքննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի դիմումի համաձայն, որը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն և նշել, որ Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն (ով վերջինիս ծանոթներից է) խնդրել է իրեն օգնել գտնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ:
«Հետաքննությունը պարզել է, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է դիմողին կարճ ժամկետներում գտնել թունավոր նյութը՝ ցիանիդն, ինչի դիմաց պատրաստ էր վճարել գումար, ինչպես նաև ծառայության համար խոստացել է ապագայում պարգևատրում: Ինչպես պարզվել է՝ Մամալաձեն պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդն՝ իրեն ուղեկցող մարդկանց հետ բուժման մեջ է գտնվում, և նրան թունավոր նյութը հարկավոր է եղել մինչև մեկնումը»,- ասել է Շոթաձեն: