Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքը 2015 թվականի թուրք-քրդական բախումների պատճառով լուրջ վնասներ է կրել, բնակիչներից շատերն արտագաղթել են:
Տիգրանակերտի հայ գործարար Մեհմեդ Տեմիրը նույնպես ժամանակին լքել է քաղաքը՝ բնակություն հաստատելով Պոլսում: Նրա խոսքով՝ արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստանի տարածքը) նույնիսկ ապրելու տարրական պայմաններ չկան:
Yerakouyn-ին տված հարցազրույցի ժամանակ 52 տարեկան Մեհմեդը նշել է, որ իր նախնիները հրաշքով փրկվել են Ցեղասպանության ժամանակ, հետո երկար տարիներ քրդական անունով են ապրել: Թեև մինչ այսօր իր հայ լինելու մասին հրապարակավ չի խոսում, սակայն շրջապատում բոլորը գիտեն Տեմիրներու գերդաստանի ծագման մասին` Տեմիրճեաններ:
Երբեմնի ծպտյալ հայրենակիցը երեք անգամ Հայաստան է այցելել: Այցի ընթացքում հանդիպել է պետական ու հասարակական տարբեր գործիչների հետ:
Զրույցի ընթացքում Մեհմեդը նշել է,որ ցանկություն ունի Հայաստանում մեծ ներդրումներ կատարել հատկապես թեթև արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու գործում:
«Թուրքիայի մեջ խոսք չկա զարգացած տնտեսության մասին, քանի որ քաղաքների մեջ կան մի քանի մեծ գործարաններ, որոնք ապահովում են երկրի ամբողջ արտադրությունը: Եթե Թուրքիայի համար մի քանի միլիոն դոլարը փոքր թիվ է գործարարության մեջ, ապա Հայաստանի պես փոքր շուկա ունեցող պետության համար, կարծում եմ, 30 միլիոն դոլարը գրավիչ կարող է լինել», - ընդգծել է նա:
Նա մտադիր է Հայաստանում մետաքսե և պլաստիկ ապրանքների արտադրությունով զբաղվել: «Այդ ապրանքների արտադրությամբ Թուրքիան և Իրանը հսկաներ են: Պահանջված գործ է, հետևաբար ինչո՞ւ Հայաստանը ևս չմիանա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ իրեն օգնություն պետք չէ, միայն աշխատելու, գումարը բերելու, գործարանները հիմնելու և վերջապես` աշխատանքը սկսելու հնարավորություն տան: Նա նույնիսկ հարկային արտոնությունների կարիք չունի, քանի որ արտադրանքն արտահանելու պայմանավորվածություններ ունի եվրոպական շուկաներում, իսկ Եվրասիական տնտեսական միությունն իր հերթին օժանդակություն ցույց կտա: