Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր, որի քաղաքացին նա հանդիսանում է, այս փուլում հնարավոր չէ: Այդ մասին, ինչպես փոխանցում է Trend.az-ը, հայտարարել է նրա փաստաբան Սաֆար Հուսեյնովը:
«Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտին նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է դիտարկվել երկրներից մեկին, որի քաղաքացի է նա հանդիսանում, նրա փոխանցման հարցը: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովը:
Հիշեցնենք, բլոգերը ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել մի շարք «հանցագործությունների»՝ այդ թվում Արցախ այցելելու համար: Նախորդ շաբաթ Բելառուսը Լապշինին արտահանձնել էր Ադրբեջանին: