Հայաստանի իշխանություններին՝ օրեր առաջ իր ընտանիքով ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով դիմած թալիշ բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը «Թալիշ ինֆո» լրատվական գործակալության խմբագրությանը նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Երևանում իրեն ու ընտանիքին տրամադրած լավ պայմանները:
Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր մակարդակով: Ակտիվիստի կնոջը, ով ծանր հիվանդ է, բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման նպատակով:«Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ապահովել են Շահին Միրզոևին և նրա երկու անչափահաս երեխաներին հարմար կացարանով և կապի միջոցներով: Այս պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի հովանու ներքո»,- գրում է «Թալիշ ինֆո»-ն, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Բլոգերի խոսքով` իր ընտանիքին և առհասարակ թալիշներին Հայաստանում վերաբերում են հատուկ հարգանքով: Նա և երեխաներն իրենց լավ ու ապահով են զգում, շատ գոհ են իրենց նկատմամբ առկա վերաբերմունքից: