Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության ղեկավարներից մեկի` Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու պատճառով դատապարտվել է 1 տարի և 3 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դատարանը նրանից պահանջել է վերջին անգամ ինքնապաշտպանական ճառով հանդես գալ: «Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Ջեմալը հերքել է մեղադրանքը` հայտնելով, որ իր արածը հանցանք չի կարող համարվել:
Դատարանը վճռել է, որ պատժի կրումը պետք է հետաձգվի: