Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել, փոխանցում է tert.am-ը:
Զեկույցը ներկայացվել է 2 տարբերակով. առաջինը չի պարունակում զոհված հայ զինծառայողների անուններն ու նրանց դիակները պղծելն ապացուցող լուսանկարները, մինչդեռ 2-րդ տարբերակն ավելի մանրակրկիտ է և ունի գրաֆիկական բնույթ, ուստի՝ նախատեսված չէ հանրային հրապարակման համար:
Զեկույցի ներկայացմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ «Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պակասը թույլ է տալիս մարդկանց մտածել, թե կարող են իրենց ուզածն անել և որ հետագայում այդ արածներն ապացուցելն անհնարին կլինի»: Մելիքյանի խոսքով՝ այս հանգամանքն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս:
Հավելենք, որ սա ԼՂՀ ՄԻՊ կողմից ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 3-րդ զեկույցն է: