Արգենտինայի խորհրդարանը քննարկման կդնի ցեղասպանությունների, այդ թվում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Օրինագիծը ներկայացվել է Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարենի կողմից:
Այս մասին Գարենը հայտնել է Prensa Armenia-ին տված հարցազրույցի ժամանակ:
Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրենսգրքի մեջ քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը և արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը և ազգային անվտանգությունը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»: