Թուրքիայի քաղաքացի, աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը արժանացել է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությունը կատարելու պատվին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sozcu» թերթի կայքին բացման արարողության ժամանակ Գյուլերն ու գերմանացի կինոօպերատոր Յուրգեն Յուրգեսը պատվո շքանշաններ են ստանալու:
Կինոփառատոնն ընթանալու է մարտի 4-12-ը: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում է 10 ֆիլմ:
Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին: