Հունաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը`ընդգծելով, որ փետրվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները սխալ են թարգմանել իր խոսքը:
«Հունաստանը սատարում է միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միությունում իմ ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ հարցը սխալ է թարգմանվել: Իմ միտքը լիարժեք չի արտացոլվել: Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրադրություն: Հարցը համբերություն է պահանջում»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է դեսպանը:
Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»: