Ֆրանսիայում վանդալիզմի ակտ է իրականացվել Միսաք Մանուշյանի արձանի նկատմամբ:
Անհայտ անձինք ներկով վնասել են Մանուշյանի կիսանդրին ու պատվանդանը Մարսելում, հայտնում է Nouvelle d'Armenie-ն:
Ֆրանսիացի պատգամավոր Հենրի Ժիբրայելը խստագույնս դատապարտել է միջադեպը՝ կոչ անելով իրավապահներին բացահայտել հանցագործությունը և պատժել մեղավորներին:
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։
Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։