Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Այս մասին փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հանձնարարականն ուղղվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին: «Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների ու ներդրողների համար երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովենք մեր քաղաքների, գյուղերի, այգիների և այլ վայրերի մաքրությունը: Այս պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-ասաց նա:
Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պարտավորվեց երկամսյա ժամկետում առաջինը` մշակել և կառավարություն ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը, հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը, յուրաքանչյուր սուբյեկտի` գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի, պատասխանատվության շրջանակը: Երկրորդը` հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման գործընթացին` ներգրավվելով Բնապահպանության նախարարությանը և բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին: