Ռուս-թուրքական մերձեցման արագությունն ու մասշտաբները «սարսափեցնող» են: Այս մասին գրում է բրիտանական «The Economist» ամսագիրը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Yeni Akit»-ին թուրքական կայքին «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է վնասակար լինել» վերնագրով հոդվածում վերլուծաբանը նախ հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական հակասությունների ու պայքարի, ինչպես նաև՝ դեռ ոչ այնքան վաղ անցյալում առկա խնդիրների մասին: Խոսքը մասնավորապես 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության, փոխադարձ մեղադրանքների ու կիրառված պատժամիջոցների մասին է:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած այս ամենին՝ ռուս-թուրքական հարաբերությունները հանկարծ սկսեցին արագորեն կարգավորվել, իսկ համագործակցությունն՝ էլ ավելի ընդլայնվել: Հիշեցվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի, ինչը 5 անգամ ավել է նախկին ցուցանիշից:
«Մինչ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կողքից դիտում են՝ դեկտեմբերին զինադադար ձեռք բերվեց Հալեպում, որտեղ ընթացող պատերազմում ներգրավված են երկու կողմն էլ: Իսկ հաջորդ ամսվա համար նախատեսվեց դադարեցնել ռազմական գործողությունները ողջ Սիրիայում:
Այն շրջանում, երբ հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին, Պուտինն ու Էրդողանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց՝ «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Իսկ հիմա երկու տիրակալները Սիրիայիում համատեղ օդային հարվածներ են հասցնում ԻՊ-ին»,- ասվում է հոդվածում:
Բրիտանական թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ անգամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը թուրք ոստիկանի կողմից չկարողացավ խաթարել երկկողմ կարգավորվող հարաբերությունները:
«The Economist»-ը «սարսափեցնող» է համարում ռուս-թուրքական մերձեցման արագությունն ու մասշտաբները:
«Սակայն այս երկու հզոր մարդիկ տարբեր ու միմյանց հակասող ակնկալիքներ ունեն: Էրդողանն հւոյս ունի, որ Պուտինի հետ իր հարաբերությունները կստիպեն Արևմուտքի իր դաշնակիցներին՝ գնալ զիջումների, իսկ Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան, որին համարրում է ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը: Երկուսից մեկին հիասթափություն է սպասվում», - եզրափակում է հոդվածագիրը: