Մոսկվայաբնակ հայ իլյուզիոնիստ-աճպարար Ռոման Խալաֆյանը հմայել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Минута славы» հաղորդման ժյուրիին, գրում է Sputnik Արմենիան:
Ռոմանը մոտեցավ ժյուրիին և Վլադիմիր Պոզների բբջային սարքով աճպարարություն ցուցադրեց` խնդրելով Պոզներին հայտնել հեռախոսի գաղտնագիրը, ինչին ի պատասխան հեռուստահաղորդավար Սերգեյ Սվետլակովը կատակեց. «Այժմ ամբողջ երկիրը գիտի Պոզների գաղտնագիրը»: Այնուհետև Ռոմանը վերցրեց Սվետլյակովի հեռախոսը և հավաքեց ժյուրիի բոլոր անդամների հնչեցրած պատահական թվերը: Զանգի կոճակը սեղմելուց հետո պարզվեց, որ դա հենց աճպարարի հեռախոսահամարն է:
Սակայն սրանով անակնկալները չավարտվեցին: Ռոմանը մի վայրկյանով խնդրեց Պոզների ակնոցը, մեկ այլ աճպարարություն ցուցադրեց, ու այդ համարը ստացավ «Հայկական վայրկյան» անվանումը:
Ժյուրիի կազմում գտնվող միակ կինը, դերասանուհի Ռենատա Լիտվինովան իր հերթին բողոքեց, թե ինչու Ռոմանն իր հետ կապված որևէ համար չցուցադրեց: Արդյունքում Ռոմանը նրան ուրախացրեց «Հայկական Գերբերով» և խոստացավ, որ հաջորդ անգամ նրան ավելի շատ ուշադրություն կհատկացնի: