Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգաններն, այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
Գերմանական ARD պետական հեռուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժում խոսվում է այն մասին, որ իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում, փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.net» կայքին:
Ռեպորտաժը պատրաստողները, համացանցում տեղադրված հայտարարություններից մեկի հետքերով գնալով, գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի: Նա պատմել է հետևյալը. «Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»:
Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են 30 հազար դոլարի սահմաններում: