Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին Ռուսաստանին մեղադրել է քրդական անջատողական ուժերին հովանավորելու մեջ: Այս մասին ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվակայքին կուսակցության խմբի նիստին ելույթ ունեցած Բահչելին նշել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականությանը:
«Մեր ուշադրությունից, իհարկե, չի վրիպել այն, որ Ռուսաստանը գրկաբաց ընդունեց «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (ԺՄԿ-PYD): Իսկ Մոսկվայում կայացած անջատողական համաժողովին «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) մասնակցությունը մեզ համար դավաճանություն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցապետը:
Նա հավելել է, որ Ժնև և Աստանայի գործընթացների դադարեցման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը Թուրքիայի կողմից դրական չեն գնահատվում: Միևնույն ժամանակ Բահչելին ընդգծել է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բաց պահել Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում: