Ապրիլյան զարգացումները որևէ կերպ չի փոխել տարածաշրջանում մեր ուժերի հարաբերակցության և հնարավորությունների մասին պատկերացումները, սակայն որոշակի փոփոխություններ են մտցրել մեր պատկերացումներում, թե Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանը ինչ մարտավարություն կարող է ընտրել: РИА Новости-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է իրավիճակին սահմանում, ապա այն շարունակում է բնութագրվել Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումներով: Պարբերաբար կիրառվում է հրաձգային զինատեսակներ, նռնականետեր և ականանետեր: Սա իհարկե մտահոգում է, քանի որ Ղարաբաղյան բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ կարգավորումը հնարավոր կլիներ միայն լիարժեք և խորը փոխըմբռման և կողմերի փոխադարձ շահերը հաշվի առնելու դեպքում: Հրադադարի ցանկացած խախտում հանգեցնում է անվստահության խորացման, կողմերից յուրաքանչյուրի պաշտպանական բնազդի խորացման, իսկ մենք դրանում հետաքրքրված չենք», - նշել է նախարարը:
«Կարծում ենք Ադրբեջանը պետք է անցնի այն պայմանավորվածությունների լիարժեք իրականացման, որոնք ապրիլյան զարգացումների արդյունքում ձեռք են բերվել Վիեննայում և այնուհետև Սանկտ Պետերբուրգում Մինսկի խմբի համանախագահների և անձամբ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: Այսօր մենք դա Ադրբեջանի դիրքորոշման մեջ դժբախտաբար չենք տեսնում», - ասել է Սարգսյանը: