«Թյուրքախոս երկրների խորհրդի» և Ահմեթ Յեսեվի համալսարանի կողմից Անկարայում կազմակերպված Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հանդես է եկել Հայաստանի դեմ մեղադրանքներով` պաշտպանելով Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական անհիմն թեզերը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին Չավուշօղլուն ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անում են եղբայրական պետության հետ միասին բոլոր հնարավոր միջոցներով Խոջալուում կատարվածի մասին աշխարհին իրազեկելու համար:
Գիտաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են: