Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր տիկնոջը: Ալիևն Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր իր տիկնոջ իրականացրած գործունեությունը՝ սկսած 2004 թվականից, երբ նա ստանձնել էր Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահի պաշտոնը:
Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Գրեթե բոլոր հայտնի և ոչ հայտնի լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել տեղի ունեցածը՝ հնչեցնելով բազմանշանակ գնահատականներ: Ստորև անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Euronews լրատվականն անդրադարձել էր Մեհրիբան Ալիևայի նշանակմանը հետևյալ մեկնաբանությամբ՝ «Ադրբեջանի նախագահը խթանում է ընտանեկան կապերը՝ կնոջը նշանակելով փոխնախագահ»:
BBC-ն այս իրադարձությունը լուսաբանող հոդվածում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջը նշանակել է փոխնախագահի պաշտոնում՝ իր իշխանությունը նավթով հարուստ Հարավային Կովկասում էլ ավելի ամրապնդելու նպատակով»: Որպես հիշեցում BBC-ն ներկայացնում է նաև ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի արդյունքում ի հայտ եկած տեղեկություններն այն մասին, որ չնայած Մեհրիբան Ալիևայի պատգամավոր լինելուն, նա քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չի հանում: Բացի այդ, լրատվամիջոցի պնդմամբ, տեղեկատվության արտահոսք ապահոված աղբյուրները ծաղրել էին նաև պլաստիկ վիրահատությունների և շքեղ նորաձևության նկատմամբ Ալիևայի ունեցած խանդավառությունը:
Financial Times լրատվակայքի մեկնաբանությամբ, Ալիևան նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում ամուսնուն հաջողություն բերելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ իր գործառույթները մինչև այժմ հստակեցված չեն: Ըստ կայքի՝ Ադրբեջանում ընտանեվարությունը սկիզբ է առել դեռևս Հեյդար Ալիևի օրոք, որն իշխանությունը փոխանցեց որդուն:
Gazeta ռուսական կայքն անդրադառնում է այս իրադարձությանն այլ տեսանկյունից: Մեհրիբան Ալիևան Փաշաևների կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է: Փաշաևների կլանը երկար ժամանակ է ճնշում է գործադրում Ալիևիների վրա: Նպատակը՝ Ադրբեջանի պետական համակարգում իշխանական ուժերի միջև նոր հավասարակշռություն ստեղծելն է: Gazeta-ի փոխանցմամբ՝ նախատեսվում էր, որ պայքարը երկու կլանների միջև կլիներ ավելի կտրուկ, սակայն ի վերջո Ալիևայի նշանակմամբ հաջողվեց հասնել փոխզիջման:
Միջազգային լրատվամիջոցներից զատ նշանակումը ոչ միանշանակ արձագանք է ստացել նաև ադրբեջանցիների շրջանում: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի մեկնաբանությամբ. «Մեհրիբան Ալիևայի նշանակումը չի ունենա ոչ մի էական նշանակություն: Ադրբեջանում ամեն ինչ կայուն է…Հեյդար Ալիևն իր իշխանությունը կտակել էր որդուն, ով դրան վերաբերվում է որպես իր ունեցվածքի: Ինչ վերաբերում բնակչությանը, ապա նրանք ոչ մի առնչություն չունեն ո՛չ ընտրություններին և ո՛չ էլ տեղի ունեցող իրադարձություններին: Հասարակությունը դիտորդի կարգավիճակում է: Ադրբեջանում չկա քաղաքականություն…չկան օրենքներ և կուսակցություններ...»