Վերջին օրերին Անկարայի և Թեհրանի միջև խորացող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել է Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Զեյբեքչիի այցի ընթացքում նախատեսվում էր Իրանում բացել առաջին խոշոր թուրքական առևտրական կենտրոնը: Այդ կենտրոնում ներկայացվելիք թուրքական ապրանքները այս պահին պահվում են իրանական սահմանային մաքսակետում` իսկ դրանք ներմուծողներին Իրանի իշխանությունների կողմից դեռևս ճանապարհը շարունակելու թույլտվություն չի տրվում:
Հիշեցնենք, որ Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ: