Նախօրեին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս այցը կարևոր էր ոչ միայն նրանով, որ կայանում էր ՀՀ Նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ, այլ նաև քանի որ այն տեղի էր ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, ում հրավիրեց այցելել Երևան:
Բանակցություններին նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը:
Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել արտաքին քաղաքական համադրման հարցը, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցությունը:
Քննարկվել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագիրը: «Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Սկզբում Գերմանիայի, իսկ հետո արդեն Ավստրիայի նախագահությունն ակտիվորեն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս և որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր: Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգանաժամի հանգուցալուծման ջանքերին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ռուսաստանյան կողմին՝ Հայաստանից մարդասիրական օգնությունը Սիրիա փոխադրելու համար:
Հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Շեշտվեց 1994-1995թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարևորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Լավրովը ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: «Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ դրա օգտին բազմիցս հանդես են եկել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բոլոր անդամները: Նրա խոսքով՝ համանախագահներն անգործության մատնված չեն: «Ես չեմ կարող այդպես որակել այն, ինչ այժմ այդ եռյակի շրջանակներում տեղի է ունենում: Համանախագահներն իրենց եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք պարբերաբար տարածվել են որպես ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր, արտահայտվել են բանակցային գործընթացի արագացման և ակտիվացման օգտին: Վերջին նման փաստաթուղթն ընդունվել է բառացիորեն օրերս՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում»,- ասել է Լավրովը:
Նախարարների հանդիպմանը հետևած արարողությանը Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի արտգործախարարին շնորհված Բարեկամության շքանշանը: Նալբանդյանն իր հերթին ՀՀ ԱԳՆ պատվո շքանշաններով է շնորհել ՌԴ ԱԳՆ մի շարք պաշտոնյաների: Նալբանդյանն ու Լավրովը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Նալբանդյանը այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: