Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կա որոշոկի լարվածության աճ՝ օգտագործվող զինատեսակների առումով: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության Նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակին, հայտնում է News.am-ը:
«Այսօր օգտագործվել են ականանետեր, թեթև հրետանի: Կարծում եմ, որ մենք դրան պետք է մշտական զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները: Մեր զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են միշտ: Զինադադարի ցանկացած խախտում որևէ ձևով չի կարող արդարացվել, որովհետև, իրականում զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ ԶՈւ խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»,-ասել է նա: