Հանրահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել հայազգի դերասաններին ու ակտիվիստներին միանալ իրեն՝ օգնելու համար ԱԺ ընտրություններում իր դիտորդական առաքելությանը:
«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայ դերասաններին ու ակտիվիստներին միանալ ինձ՝ օգնելով դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելու համար ընտրությունների թափանցիկությունը», - գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նա նաև կոչ է արել ստորագրել «Արդարադատություն Հայաստանում» պահանջագիրը, փոխանցում է panarmenian.net-ը:
Ուղերձի տակ իրենց ստորագրություններն են դրել ինքը Թանկյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և արվեստի այլ հայտնի հայազգի գործիչներ:
Ուղերձը կազմվել է սեպտեմբերի 21-ին՝ դրական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի ժողովրդին աջակցելու հորդորով: Փաստաթուղթը ստորագրել են այնպիսի հայտնի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, Reddit ընկերության ղեկավար Ալեքսիս Օհանյանը, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը և այլոք: Ուղերձը մինչ օրս ստորագրել է 4792 մարդ: