Արցախի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Artsakhpress-ը:
«Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են»,- ասել է Բաբայանը:
«Ալիևը հաշվի չի առնում, թե ում հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե մենք աչալուրջ չենք, չենք պաշտպանելու մեր անվտանգությունը, չարաչար սխալվում է: Դրա համար, տալով մեծ կորուստներ, հետ են շպրտվել: Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել: Սա է վիճակը»,- հավելել է Դավիթ Բաբայանը: