Անթալիայի բնակիչ հայկական ծագում ունեցող ոսկերիչ Շենոլ Վայվալակոն 2.5 մ երկարությամբ ցուցատախտակի վրա ոսկեզօծ տառերով հավաքել է իսլամական հայտնի «Բիսմիլահիռահմանիռահիփ» արտահայտությունը, որը պատրաստվում է նվիրել Ստամբուլում կառուցվող Չամլըջա հսկայական մզկիթին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Boldhaber.com» կայքին 10 տարի առաջ մուսուլմանություն ընդունած Վայվալաքոն նման զարդանախշ պատրաստելու ցուցումը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, երբ վերջինին նվիրել էր մեկ այլ թանկարժեք ստեղծագործություն` նույնպես իսլամական թեմայով:
Ջերմեռանդ մուսուլման դարձած նախկին քրիստոնյա ոսկերիչը թուրքական կայքին պատմել է, որ գործը պատրաստելու համար օգտագործել է 14.000 մեխ, 16.000 թանկարժեք քար, ինչպես նաև 8 կգ ոսկեջրած թել:
Վայվալակոն Թուրքիայի այն փոքրաթիվ հայերից է, ովքեր ամեն կերպ ցանկանում են իրենց համակրանքը ցույց տալ Էրդողանին ու նրա իշխանությանը: Նա նշել է, որ իր պատրաստած գործը պատրաստվում է այդ երկրում տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեից հետո անձամբ հանձնել Էրդողանին: