Խոջալուի դեպքերի թեմայով Ադրբեջանի թեզերը քարոզելու ու տարածելու նպատակով այս օրերին Ստամբուլում անցկացվող հերթական միջոցառման ժամանակ թուրք գրող Այգյուն Հասանօղլուն հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İstanbultimes.com.tr» կայքին «Հատուկ ծրագիր» կոչվող հավաքի ժամանակ Հասանօղլուն հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը փաստացիորեն պատերազմել է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
«Մենք միայն հայերի դեմ չենք կռվել: Ռուսաստանը նրանց զենք էր տալիս, ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգնում էին հայերին»,- հայտարարել է Հասանօղլուն:
Հասանօղլուն, ավելի առաջ անցնելով իր հերյուրանքներում, հայերին մեղադրել Անատոլիայում ու Կովկասում մուսուլմաններին կոտորելու, Ադրբեջանում հարյուրավոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են: