Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությունը Թուրքիան «անընդունելի» է համարում:
Կուրցը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավստրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն Կուրցի նշյալ հայտարարության վերաբերյալ ասել է, որ դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության միջազգային սկզբունքների հետ և երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ է, փոխանցում է Ermenihaber-ը:
«Մենք անընդունելի ենք համարում այդ անպատասխանատու, չափն անցած հայտարարությունը»,- ասել է Մուֆթուօղլուն և մտահոգություն հայտնել, որ նմանատիպ հայտարարությունը պատկանում է այն նախարարին, ում պարտականությունների մեջ է մտնում ինտեգրացիայի հարցերով զբաղվելը:
Վերջինս նշել է նաև, որ Կուրցը նման հայտարարությամբ գերազանցել է նույնիսկ այն կուսակցությունների ղեկավարներին, որոնք հնչեցրել են հակաիսլամական և ռասիստական հայտարարություններ: