Այսօր Թբիլիսիում` Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի գործողությունների, որոնք Վրաստանի քաղաքացիների մեջ միմյանց հանդեպ ատելություն են սերմանում, հաղորդում է jnews.ge-ն:
Ակցիան կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը:
Ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի մոտ և ուղևորվել Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, ակցիայի նպատակն է եղել կանխել հարևան երկրի` Ադրբեջանի միջամտությունը Վրաստանի քաղաքականության մեջ:
Փետրվարի 25-ին մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ անցկացրել են ֆլեշ-մոբ Ռուսթավելի պողոտայի վրա: Ակտիվիստները բաժանել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին պատմող բուկլետներ: Հարկ է նշել, որ ակցիային ներկա են եղել նաև Ադրբեջանից եկած մարդիկ, ինչն էլ հանդիսացել է հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառը:
«Մենք Վրաստանից պահանջում ենք, որ նրանք թույլ չտան հարևան երկիրն իր դեսպանատան միջոցով միջամտի երկրի ներքին գործերին և հրահրի Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցիներին ու հայերին հակամարտությունների Վրաստանի տարածքում: Վերջերս դա իրականանում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջնորդությամբ և ֆինանսական աջակցությամբ: Իշխանությունները կարծես թե աչք են փակում դրա վրա, ինչը և վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունը և ապագան: Հենց սա է բողոքի ակցիայի պատճառը, և մենք հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ ԱԳՆ-ն կգործի ըստ օրենքի, այսինքն, կպաշտպանի Վրաստանի անկախությունն ու օրենքները», - հայտարարել է «Վրաստանի հայ համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանը:
Բողոքի ակցիայի վերջում «Վրաստանի հայ համայնքը» նամակը հանձնել է արտաքին գործերի նախարարությանը: