Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին. Ուորլիք

20:10     28 փետրվարի, 2017

Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին», - ասել է Ուորլիքը, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը և խուսափել զոհերից.

«Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն»:

«Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները», - հավելել է Ուորլիքը:

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։


© armedia.am