Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստան կատարած այցի ընթացքում փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել նախագահ Մեմնուն Հուսեյինի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Ինչպես փոխանցում է թուրքական «Konhaber» լրատվական կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական պետական «AZERTAC» լրատվական գործակալությանը օրակարգային հարցերից է եղել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության խնդիրը և Քաշմիր շրջանի հետ կապված պակիստանահնդկական հակամարտությունը, փոխանցում է Ermenihaber-ը:
Կողմերը վճռականություն են հայտնել նշյալ խնդիրների կարգավորման համար, ինչպես նաև այդ խնդիրներում նախկինում միմյանց ցուցաբերած աջակցությունը շարունակելու հարցում:
Համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանին Պակիստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը վաճառելու շուրջ: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր: