Թուրքիայում իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսութ Բարզանիի դիմավորման արարողությունը խիստ զայրույթ է հարուցել թուրք ազգայնականների շրջանում, գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելիին դուր չի եկել Բարզանիի դիմավորման ժամանակ Անկարայի օդանավակայանում բարձրացված քրդական ինքնավարության դրոշը:
Ըստ թուրքական «Yonelishaber.com» կայքի՝ Բահչելին այդ քայլի համար քննադատել է իշխանություններին, իսկ առաջին անգամ Թուրքիայում պաշտոնապես բարձրացված Քուրդիստանի դրոշն անվանել դրոշակաձողին ամրացված լաթի կտոր:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺՀԿ) պատգամավոր Ալթան Թանն էլ քննադատել է Բահչելինն հետևյալ խոսքերով. «Ինչու՞ է Դևլեթ Բահչելին անհանգստանում քրդերի դրոշից այն դեպքում, երբ չի անհանգստանում Հունաստանի, Հայաստանի ու Բուլղարիայի դրոշներից:
Ինչու՞ են քրդերն ու թուրքերը հազար տարի ասում, որ եղբայրներ են: Եթե եղբայրներ ենք, ուրեմն ձեր դրոշը մեր դրոշն է, մերն էլ` ձերը: Եթե իրականում եղբայրներ ենք, ապա դրանից չպետք է անհանգստանալ»: