Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում՝ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո:
«Առաջինը՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի դրսևորման արդյունքում, և երկրորդը՝ այս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով ոչ մի տարբերություն չկա գրեթե»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին չստորագրված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ՀՀ նախագահ ընդգծել է, որ պետք է այնպես արվեր, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
«Իսկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե չպետք է Եվրասիական տնտեսական միության անդամ լինեք, ապա դուք պարտավոր կլինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ճնշում է գործադրել այդ հարցում։
Լրագրողի հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության ապագան դիտարկվում է որպես Եվրամիության համարժեք՝ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ երկու համակարգերի համարժեքության ձեռքբերման մասին խոսելը դեռ վաղ է: «Կարծում եմ՝ հիմա ճիշտ է խոսել երկու համակարգերի համագործակցության մասին: Եվ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է»,- ասել է նա: