Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր էր ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների համատեքստում ժամացույցները ճշգրտելու և համագործակցության զարգացման հետագա ուղենիշները սահմանելու տեսանկյունից: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
«Այս մասին են վկայում Բրյուսելում ՀՀ նախագահի անցկացրած հանդիպումները: Նախագահ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ ԵՄ հիմնական կառույցների ղեկավարների հետ: Այցի ընթացքում արձանագրվեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և այսօր հասել ենք մի նոր հանգրվանի, երբ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և ակնկալվում է դրա ստորագրումը», - նշեց փորձագետը:
Խոսելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և դրա կարևորության մասին՝ Կարապետյանը նշեց, որ «այն 2015 թվականի դեկտեմբերից մեկնարկած հետևողական և ակտիվ բանակցությունների արդյունք էր»: «Այն, որ հաջողվեց մեկ տարվա ընթացքում ավարտել բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրա քաղաքական մասն արդեն իսկ բանակցված և համաձայնեցված էր Ասոցացման համաձայնագրով, և նոր համաձայնագիրը քաղաքական մասով հիմնվում է հենց Ասոցացման համաձայնագրի վրա»: «Այս նոր համաձայնագրի հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ որոշակի փոփոխություններ են կատարվել տնտեսական մասում՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրանից բխող մեր պարտավորությունները», - ընդգծեց փորձագետը: