Բրյուսելյան վերջին այցի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտությանը նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձում նկատվում է հայկական կողմի դիրքորոշման որոշակի հստակեցում և նույնիսկ կոշտացում: Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանի դիրքորոշման կոշտացումն առավել քան տրամաբանական է: Բանակցային գործընթացում իր պատկերացրած արդյունքը չստանալով՝ Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել պայմանական ասած դրա «շուրջ»: Մենք այդ քայլերը հստակ տեսնում ենք՝ միջազգային տարաբնույթ կառույցներում, որոնք չեն զբաղվում այդ կարգավորմամբ, այսինքն` նախաձեռնողա-հարձակվողական պայքար տարաբնույթ բանաձևեր անցկացնելու, տարաբնույթ գործընթացներ մտնելու և այլն: Չի՞ հասկանում, որ ապակառուցողական է` հստակ հասկանում է: Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ այդ փորձերի ակտիվության և լրջության տարբեր մակարդակով՝ այդ թվում նաև քննադատելով համանախագահներին, հնարավորության դեպքում շեղել բանակցային ձևաչափը, փորձում է հնարավոր բոլոր ձևերով սրացնել իրավիճակը սահմանին՝ դրանով հրավիրելով ուշադրութուն, փորձելով տվյալ պահին դիվիդենտներ քաղել՝ սահմանին առավելություն ստեղծելու միջոցով, եթե հաջողվի: Բնականաբար, նման պարագայում ուղղակի դառնում է հրամայական, որ համարժեք կոշտացումը բոլոր առումներով տրվող հակահարվածը միակ ճանապարհն է Ադրբեջանին ցույց տալու իր տեղը, ցույց տալու, որ սա արդյունավետ ճանապարհը չէ», - նշել է պատգամավորը: