Ռազմատեխնիկա արտադրող լեհական «Լուբավա» ընկերության հովանավորությամբ երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է համերգային երեկո` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, տեղեկացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, մշակույթի աշխարհի ներկայացուցիչներ, Հայաստանում լեհական համայնքի անդամները, ինչպես նաև երաժշտասեր հասարակությունը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստուհի, ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը և աշխարհահռչակ «Տրեբունիե Տուտկի» խումբը:
Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի փետրվարի 26-ին: Հարկ է հիշատակել, որ սկզբնական շրջանում երկու երկրների միջև երկոսությունը սահմանափակվել է գիտաժողովներին, ֆորումներին և միջազգային կազմակերպություններում ստեղծված կապերով: 1998թ-ին զգալի առաջընթաց է նկատվել երկու երկների միջև քաղաքական հարաբերություններում: Այդ նույն թվականին Հայաստանը բացել է իր դիվանագիտական հաստատությունը Վարշավայում, իսկ 3 տարի անց` 2001թ-ին, Երևանում սկսել է գործել Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: