Ըստ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքների՝ ՀՀ քաղաքացիների 81%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Կարեն Կարապետյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվողների 22,4%-ը, ավելի շուտ դրական՝ 58,6%-ը, ընդհանրապես բացասական՝ 3,8%-ը: Այսպիսով, 81%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», - ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցին՝ կցանկանա՞ն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ, հարցվողների 34,6%-ը պատասխանել է՝ «միանշանակ այո», 47,6%-ը՝ «ավելի շուտ այո»:
«Ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2 տոկոսը դրական է պատասխանել, ցանկություն ունի, որ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո մնա վարչապետ պաշտոնում»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ մարզերում և Երևանում: