Մարտի 3-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են քաղաքական PR տեխնոլոգիաների առանձնահատկությունները ՀՀ-ում և դրանց կիրառումը կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։
Դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ, «Varkanish.am» տնտեսական և քաղաքական կանխատեսումների էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Գերասիմ Բարսեղյանը։
Մասնակիցների հետ վերլուծության է ենթարկվել խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի կարգախոսը, անդրադարձ է կատարվել այն հիմնական շեշտադրումներին, որ առկա են լինելու նախընտրական քարոզարշավում։
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: