Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են համաձայնությունից Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցերում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող հակամարտություն է: Այդ մասին են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ընկալում մշակել: Դրանք և անվտանգության հարցերն են, առաջին հերթին, հումանիտար հարցերն են, այն շրջանները վերադարձնելու հարցերն են, որոնք հարում են Լեռնային Ղարաբաղին և այժմ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, անկասկած, այնտեղ ապրող մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,-ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ շատ հարցերի մասով առկա է համաձայնություն: «Սակայն, 2-3 կոնկրետ թեմա, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: Եվ, չեմ թաքցնի, մենք դեռ հեռու ենք մի իրավիճակից, երբ կողմերը միասնական մոտեցում կմշակեն այդ խնդիրների վերաբերյալ»,-ասել է նախարարը:
Ըստ Լավրովի, ղարաբաղյան հակամարտության 2-3 առանցքային հարց, որոնց մասին խոսք է գնացել Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, դեռ լրացուցիչ ջանքեր են պահանջում: