Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում 4-12-ը տեղի ունեցող Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Karar.com» լրատվական կայքին Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին:
Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարվելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:
Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը: