Հայերը զգալի ավանդ են ունեցել ժամանակակից Ազովի տարածքում գտնվող միջնադարյան Ազակ քաղաք–ամրոցի զարգացման մեջ:
Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիա-ն՝ հղում կատարելով Ёрш.Азов-ին հայերը ժամանակակից Ազովի տարածքում են հայտնվել XIII դարում և արհեստի ու առևտրի հին ավանդույթների շնորհիվ շատ առումներով նպաստել են միջնադարյան քաղաքի բարգավաճմանը։
Հայ արհեստավորների պատրաստած իրերից շատերը կարելի է տեսնել Ազովի թանգարան-արգելոցում:
«Հայկական արվեստը դարձել է Ոսկե հորդայի կիրառական արվեստի կարևոր մասը։ Հայ համայնքն Ազակում ունեցել է իր եկեղեցին` սուրբ Գրիգոր Լուսավորիչը», —պատմել է Ազովի թանգարանի հնագիտության բաժնի վարիչ Անդրեյ Մասլովսկին։ Նրա խոսքով` Ազակում հայ գրագիրներ են աշխատել։
«Երևանի Մատենադարանում մինչ օրս պահվում են գրքեր, որոնք գրել են Ազակի հայ գրագիրները», — պատմել է գիտնականը։ Նա նշել է, որ հայկական եկեղեցիներ են այցելել նաև թյուրքերը։ Դրա վկայությունն է թյուրքական «բայ» բառը, որն օգտագործվել է որպես ուղերձ առ Աստված։ «Ամենայն հավանականությամբ, հայ համայնքը ոչնչացվել է 1395թ-ին Թեմուրի արշավանքի ժամանակ։ Ողջ մնացած հայկական ընտանիքները տեղափոխվել են Ղրիմի քաղաքներ», — ասել է Մասլովսկին։ Գիտնականը չի բացառում, որ Դոնի միջնադարյան հայերի շարքում կան Ազակի բնակիչների հետնորդներ։