Արցախի նախագահը շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին

13:18     8 մարտի, 2017

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել իգական սեռի ներկայացուցիչներին: 

Թանկագի՛ն կանայք, 

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Դուք իրականացնում եք կարևոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում:

Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին: 

Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ և ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին:

ք.Ստեփանակերտ, 
8 մարտի 2017թ.


© armedia.am