Ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նիստի օրակարգում ներկայացված Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանին:
«Կարծում եմ, որ արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել ու քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա քայլերի վերաբերյալ», - ասել է վարչապետը:
Նա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է եռմասյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլեր մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղանտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում, գործողությունների համադրումը ՀՀ ռազմավարական ծրագրերի ընթացիկ նախաձեռնությունների ու կանխատեսումների համար:
«Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վերանայել մինչև այժմ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N4 արձանագրային որոշման համապատասխան մշակված ու մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին»,- նշել է Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և, առհասարակ, գործարարները հաճախակի բարձրաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման ընկերությունների հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:
Վարչապետն էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին հանձնարարել է հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ՀԷՑ-ին ու «Վիոլա ջուր» ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ու համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողներին նորդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին:
Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին:
«Ընկերությունների ու ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին», - ասել է Կարապետյանը:
Փետրվարի 23-ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ջրբացթողումների ընթացքում ջրակորուստներին:Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվոմ է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ կան բավական մեծ ջրային կորուստներ:
Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մինչև Սևանա լճից ջրի բացթողումն այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը: