Վերջին շրջանում կարծես թե որոշակի փոփոխություններ են նկատվում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի հանդեպ վարած քաղաքականության մեջ: Եթե նախկինում ԱՄՆ նախագահն իրեն ավելի ազատ էր զգում արտահայտելու իր աջակցությունը Ռուսաստանի Դաշնությանը և ՌԴ նախագահին (օրինակ, երբ Fox News-ի լրագրողը Վլադիմիր Պուտինին անվանեց մարդասպան, ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը նշեց, որ ԱՄՆ նույնպես ունի շատ մարդասպաններ, ինչի վառ դրսևորումն էր Իրաքի պատերազմը), ապա այսօր նա փորձում է ավելի զգուշավոր և կոշտ լինել Ռուսաստանի մասին իր արտահայտություններում:
ՌԴ հանդեպ Դոնալդ Թրամփի քաղաքականության որոշակի փոփոխությունները դրսևորվում են ոչ միայն Թրամփի հրապարակային ելույթներում, այլ նաև ԱՄՆ նոր վարչակարգի գործողություններում: Նման օրինակ կարող է համարվել Մայքըլ Ֆլինի՝ Թրամփի Ազգային անվտանգության խորհրդականի հրաժարականը, ով ՌԴ հետ ջերմ հարաբերությունների ջատագովն էր: Կամ, օրինակ, Ֆիոնա Հիլի՝ որպես ԱՄՆ Ազգային անվտանգության Ռուսաստանի գծով Թրամփի խորհրդականի նշանակումը: Ֆիոնա Հիլ հայտնի է Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած իր քննադատություններով: Նա հեղինակել է նաև «Պր. Պուտին՝ Կրեմլինի օպերատիվը» (Mr Putin, Operative in the Kremlin) գիրքը՝ որտեղ ՌԴ նախագահը ներկայացվում է որպես ԿԳԲ-ի (КГБ) սպա:
Արդյո՞ք Թրամփի վարչակարգի ՌԴ հանդեպ վերաբերմունքի նման փոփոխությունը նշանակում է, որ Թրամփը հետ է կանգնելու ՌԴ հետ ԱՄՆ հարաբերությունները լավացնելու և համագործակցելու իր փորձերից: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Փոխարենը Թրամփի վարչակարգի նման քայլերին կարելի է տալ հետևյալ երկու հիմնական բացատրությունները.
Առաջին, այսօր Թրամփի նոր վարչակարգը խնդիր է հետապնդում մեղմելու Ռուսաստանի հետ կապված ինտրիգները, որոնք պատճառ են տարածվող լուրերի, որ ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ինտրիգի պատճառ են նաև ԱՄՆ առանձին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՌԴ հետ ունեցած կապերի մասին լուրերը:
Երկրորդ, Թրամփի ՌԴ հանդեպ վարած քաղաքականության տրամաբանությունը լավ հասկանալու համար բավական է ընթերցել «Գործարքի արվեստը» (The Art of the Deal) գրքում հաջող գործարք կնքելու Թրամփի նկարագրած տրամաբանությունը, որտեղ հեղինակը ճշմարտացիորեն պնդում է, որ հաջող գործարքի հասնելու համար, հավանական գործընկերդ չպետք է զգա, որ դու տենչում ես կնքել այդ գործարքը:
Ուստի, եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ Թրամփի վարչակարգի՝ ՌԴ հանդեպ վերաբերմունքի նման փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր է և ուղղված է թեմայի շուրջ առկա կրքերը հանդարտեցնելուն և երկկողմ հարաբերություններում սեփական դիրքերն ամրապնդելուն: