2017 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի և արտաքին աշխարհի միջև դիվանագիտական կապերի հաստատման տեսանկյունից: Հայաստանը նշում է աշխարհի բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ երկրների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Սիրիան, որի հետ երկկողմ հարաբերությունները խարսխված են ամուր պատմամշակութային հիմքերի վրա և բազում հարթություններ ունեն:
Հայ-սիրիական հարաբերությունների հիմքում ընկած կարևոր բաղադրիչներից է փոխադարձ երախտագիտության զգացումը, որը սիրիական հակամարտության տարիներին նոր երանգ է ստացել: Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը գոհունակությամբ են արձանագրում Հայաստանի հավասարակշռված մոտեցումը սիրիական հակամարտության հարցում:
Մարտի 6-ին Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը և Ուալիդ ալ-Մուալլիմը հերթական անգամ ընդգծեցին փոխադարձ երախտագիտության այն խորը զգացումը, որն առկա է հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերություններում: «Հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին», - ընդգծել է Է.Նալբանդյանը: Իր հերթին, Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ «Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ»:
Հատկանշական է, որ Սիրիայում լիովին ընկալում և բարձր են գնահատում սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Սա բազմիցս ընդգծվել է հայ-սիրիական ամենատարբեր առնչություններում, այդ թվում նաև 2015 թվականին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա՝ Բաշար Ասադը միաժամանակ բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշիռ դիրքորոշումը:
Պետք է փաստել, որ Հայաստանը կարևոր դերակատարում ունի նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերն աշխարհին ներկայացնելու հարցում: Սիրիական իշխանությունների և ժողովրդի հետ մշտական կապն, այդ թվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պահելուց և հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրելուց բացի, Հայաստանը փորձում է նաև իր ներդրումն ունենալ անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու հարցում: Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իր ուղերձում Նալբանդյանն ընդգծում է, որ «Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը»:
Հատկանշական է նաև, որ առկա է երկկողմ լավատեսություն համագործակցության հետագա խորացման հարցում: Սիրիայի արտգործնախարարի կարծիքով ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակից հետո Սիրիայի վերականգնումը կարող է բացառիկ առիթ հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար: