Վերջին շրջանում սկսել են հաճախակի տեղեկություններ հրապարակվել Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի գաղտնի շփումների մասին: Դրա ապացույց է Մյունխենում Անվտանգության համաժողովի ժամանակ Իրանի դեմ իսրայելա-սաուդական ընդհանուր ճակատի գործունեությունը: «Չափավոր սունիական պետությունները հասկանում են, որ իրենց համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ոչ թե Իսրայելը և սիոնիզմը, այլ Իրանը», - գերմանական Die Welt-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ Սաուդյան Արաբիային և արաբական այլ երկրների կոչ անելով ՆԱՏՕ-ի օրինակով ստեղծել ռազմական դաշինք Իրանի դեմ: Իսրայելական կողմի կարծիքով այդ դաշինքում կարող են ընդգրկվել բոլոր արաբական երկները, որոնք վտանգ են տեսնում Իրանի կողմից:
Նշենք, որ Իսրայելն Իրանի դեմ ռազմական դաշինքի ստեղծման ուղղությամբ հետևողական աշխատանք է տանում: Այսպես, Նեթանյահուի Վաշինգտոն այցից հետո ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Թրամփը ցանկանում է Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծել:
Հարկ է նշել, որ Ծոցի երկրներում Իրանի նկատմամբ մտավախությունները վերջին շրջանում ավելի են մեծացել՝ պայմանավորված Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմամբ և արդյունքում տարածաշրջանային դերի մեծացմամբ: Ծոցի միապետություններն Իրանի նկատմամբ զսպման միջոցների կարիք ունեն, և ռազմական դաշինքը կարող է լուծել այդ հարցը: Չնայած Իրանի հարցում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի շահերը համապատասխանում են, սակայն վերջիններիս հարաբերություններն այս պահին բավականին բարդ են՝ պայմանավորված պաղեստինա-իսրայելյան հակամարտությամբ: Երկու երկրները նույնիսկ չունեն դիվանագիտական հարաբերություններ: Նման պայամաններում Սաուդյան Արաբիայի մերձեցումը Իսրայելի հետ արաբական աշխարհում կարող է բավականին բացասական ընդունվել՝ վտանգի տակ դնելով արաբական և իսլամական աշխարհում Սաուդյան Արաբիայի հեղինակությունը: Ուստի Էր-Ռիադում կցանկանային Իսրայելի հետ այդ հարցում համագործակցությանը հասարակական հնչեղություն չտալ: Այս մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Մյունխենում թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը խուսափեց մեկնաբանել Իրանի դեմ համատեղ գործելու իսրայելական առաջարկը:
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծելու առաջարկն ավելի ընկալելի կլիներ սաուդական, ինչպես նաև էր-Ռիադին դաշնակից արաբական երկրների և, մասնավորապես, Ծոցի միապետությունների հասարկությունների կողմից, քանի որ ԱՄՆ-ը դաշնակցային հարաբերություններ ունի վերջիններիս հետ, միևնույն ժամանակ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կրկին լարվածության աճ է գրանցվել:
Հաշվի առնելով այս ամենը՝ չենք կարող բացառել, որ Իսրայելը հետագայում այս նախաձեռնությունը հանարավոր դարձնելու համար, դրա իրագործումը «թողնի» ԱՄՆ-ի վրա: